«Ապրելու երկիրը» սկսվում է համայնքներից (Տեսանյութ, լուսանկարներ)

calendar

05 Հուլիս, 2022

Տպել

«Ապրելու երկիրը» սկսվում է համայնքներից (Տեսանյութ, լուսանկարներ)

«Ապրելու երկիր» կուսակցությունը անցած տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո հրավիրել էր կուսակցական համաժողով՝ լսելու ընտրություններում հաջողության հասած և 13 համայնքում ներկայացվածություն ապահոված ավագանիների և պատասխանատուների կիսամյակային հաշվետվությունները։

Միջոցառմանը ներկա էին քաղաքական թիմի անդամները, համակիրներն ու գործընկերները։ Ներկաներին իրենց խոսքով դիմել են քաղաքական ուժը ղեկավարող Մանե Թանդիլյանը, համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ու կուսակցության գաղափարակից, գործընկեր Ռուբեն Վարդանյանը։

Քաղաքականություն նոր մուտք գործած «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնող ավագանու անդամները միջոցառմանը հավաստիացրեցին՝ իրենց համար ՏԻՄ ընտրություններում գրանցած հաջողությունը ոչ միայն և ոչ այնքան հպարտանալու առիթ է, որքան պատասխանատվություն՝ արդարացնելու հանրության սպասումները, ուղղելու իրենց ողջ ներուժը մեր համայնքների, երկրի զարգացմանը։

Թափանցիկ աշխատանքն ու հաշվետու քաղաքականությունը լինելու է կուսակցության պարտականությունը, և, որպես ավանդույթ, ամեն վեցամսյակը մեկ համայնքներում քաղաքական ուժի ներկայացուցիչները հաշվետվությամբ են հանդես գալու և իրենց կատարած աշխատանքները ներկայացնելու։

Հիշեցնենք, որ իր հիմնադրումից ընդամենն ամիսներ հետո տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին կուսակցությունը գրանցել է լուրջ հաջողություն․ մասնակցելով ընտրության 15 համայնքներում՝ կուսակցությունը իր ներկայացվածությունն է ապահովել 13-ում՝ ներառելով Դիլիջան, Գյումրի, Վանաձոր, Արթիկ, Փարաքար, Հրազդան, Արարատ, Եղեգնաձոր, Ջերմուկ, Տեղ, Մեղրի համայնքները՝ Տավուշից մինչև Սյունիք։

Նոյեմբերյանում կուսակցությունը ստանձնել է կառավարման պատասխանատվություն, իսկ Տաթևում կուսակցությունը իրականացնում է համատեղ կառավարում։