
Նրան, որ Երևանում հաջորդ տարվա գարնանից իրականացվելու են «ֆանտաստիկ» մշակութային միջոցառումներ՝ առանց բյուջետային ծախսերի, դեռ ժամանակ կունենամ անդրադառնալու։
Եվ այն, որ իշխանությունները միլիարդավոր դրամների անարդյունավետ ծախսեր են անում, տեսնում ենք պարբերաբար, և Սնուփ Դոգի համերգը միակը չէ։
Բայց հիմա այլ կարևոր արձանագրում եմ ուզում անել։
Արցախում ստեղծված հումանիտար աղետի շուրջ մենք ուզում ենք հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, որն առնվազն պարտադիր է հետագա հնարավոր դիվանագիտական հաջողությունների համար։
Բոլորիս անհիմն թվում է, թե աշխարհը մեզնով է ապրում ու տեղյակ է, թե ամեն օր ինչ է կատարվում այստեղ։ Նույն տրամաբանությամբ մենք տեղյակ չենք աշխարհի շատ երկրներում տեղի ունեցող աղետների, ճգնաժամերի մասին, և դա բնական է։
Իր կյանքով ապրող օտարերկրացին, անգամ պաշտոնյան Արցախի մասին տեղեկությունը ստանում է միջազգային լրահոսից, Հայաստանով հետաքրքվող պաշտոնյան՝ նաև հայաստանյան պետական լրահոսից։
Եվ ահա, օտարերկրյա պաշտոնյան կարդում է կառավարության վերջին նիստի պաշտոնական լրահոսը, որտեղ խոսվում է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և Սնուփ Դոգի համերգի համար 6 մլն դոլար տրամադրելու մասին։ Ի՞նչ պետք է մտածի այդ պաշտոնյան Արցախի մասին։ Առնվազն կկասկածի, որ հայ ժողովրդի մի հատված է ցեղասպանության եզրին է։
Անհամեստություն չլինի, բայց Ռուբեն Վարդանյանի պետնախարար աշխատելու ընթացքում միջազգային մամուլը Արցախին ավելի շատ է անդրադարձել, քան վերջին 30 տարիների ընթացքում։
Մեր ամբողջ թիմը օրնուգիշեր նաև քարոզչական հոլովակներ էր պատրաստում 5-6 լեզուներով և տարածում ամբողջ աշխարհում։
Իսկ ահա կառավարության երեկվա նիստի հաղորդագրությունը դեռ չկա ռուսերեն և անգլերեն լեզուներով, նույն տրամաբանությամբ Արցախի նախագահը պարբերաբար ուղերձներ է հղում միջազգային հանրությանը հայերեն լեզվով՝ առանց ուղեկցող թարգմանությունների։
Այսպես էլ պետք է լիներ, քանի որ իշխանությունը իր ամբողջ մեդիա և քարոզչական ռեսուրսը օգտագործում է ներքին լսարանի համար՝ կեղծ թեզեր տարածելու, ընդդիմադիրների դեմ սև փիառ անելու և ամենակարևորը՝ հայ ժողովրդին Արցախից և Արցախի խնդիրներից հեռու պահելու նպատակով։