
2 տարի առաջ մենք սահամանեցինք մեր առաջնահերթությունները. ամուր և երկարաժամկետ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցություն, ազատ Արցախ, որակյալ կրթություն, մրցունակ գիտություն և մարդկային կապիտալի զարգացում, անհատի առողջության և բարեկեցության ապահովում, բնակչության աճ և զարգացում, նոր և արդյունավետ հանրային կառավարման համակարգի ստեղծում, օրենքի գերակայություն և անկախ դատական համակարգ, Հայաստանի ազգային-մշակութային արժեքների պահպանում և զարգացում։
2 տարի շարունակ մեր ամբողջ թիմը նվիրումով աշխատել է այս կետերից յուրաքանչյուրի ուղղությամբ։ Մեր թիմն ԱՇԽԱՏԵԼ Է, որի խոսուն արդյունքներն այսօր մեզ համար հաղթաթուղթ են։
Լինելով նորաստեղծ ուժ՝ մենք կարճ ժամանակում, ընտրությունների միջոցով գրանցեցինք լավագույն արդյունքները. 2021 և 2022 թվականների ավագանու ընտրությունների արդյունքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացված է 18 համայնքում, ավագանիների թվով ու ներկայացվածությամբ համայնքներում ունի լավագույն արդյունքն իշխանություններից հետո։
Կուսակցությունը ղեկավարում է ստանձնել Ալավերդի և Նոյեմբերյան համայնքներում, համատեղ կառավարում է իրականացնում Տաթև համայնքում։ Համայնքներում ներկայացված «Ապրելու երկիր» խմբակցության ավագանիները տեղերում բարձրացնում են ամենասուր հարցերը և ունենում իրենց ազդեցությունը որոշումների կայացման գործընթացների վրա։ Կարևորելով մասնակցային ու թափանցիկ կառավարումը՝ ավագանու մեր խմբակցությունները անընդմեջ իրականացնում են հանդիպումներ բնակիչների հետ, ավագանու նիստերին հանդես գալիս տարբեր նախագծերով ու առաջարկություններով։
Երկու տարվա ընթացքում թե՛ Կուսակցության նախաձեռնությամբ, և թե՛ սուբվենցիոն ծրագրերով համայնքներում բազմաթիվ նախագծեր են իրականացվում, որոնք էականորեն փոխում, բարելավում և ավելի հարմարավետ են դարձնում բնակիչների կյանքը։
Այսօր մենք մեծ անելիք ունենք մայրաքաղաք Երևանում, և այստեղ էլ հաջողության ենք հասնելու նույն ռազմավարությամբ՝ աշխատանքով։
Շնորհավորում ենք «Ապրելու երկիր» կուսակցության բոլոր թիմակիցներին, մաղթում նորանոր հաղթանակներ, հաջողություններ ու ձեռքբերումներ։