Երևանի ճակատագրով մտահոգ մեր քաղաքացիներին ներկայացրինք մեր հերթական մեգանախագծերից․ Մանե Թանդիլյան

calendar

09 Օգոստոս, 2023

Տպել

Երևանի ճակատագրով մտահոգ մեր քաղաքացիներին ներկայացրինք մեր հերթական մեգանախագծերից․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի խցանումների խնդրին․  

«Երևանի խցանումների խնդրին լուծում տալու համար նախևառաջ պետք է բացահայտել և ճիշտ ձևակերպել վերջիններիս առաջացման պատճառները, իսկ դրանք քաղաքային ոչ պատշաճ կառավարման և տրանսպորտային անարդյունավետ համակարգի հետևանք են։

Այսօր երևանցիներին, Երևանի ճակատագրով մտահոգ մեր քաղաքացիներին ներկայացրինք մեր հերթական մեգանախագծերից մեկը՝ Երևանի երկրորդ տրանսպորտային մեծ օղակի հայեցակարգը։ Սա այն նախագծերից է, որն ուղղված է մայրաքաղաք Երևանի տրասպորտային «հիվանդության բուժմանը», և այն առաջարկներից, որից երևանցիները չեն կարող հրաժարվել։

40 մ լայնությամբ և 7.2 կմ երկարությամբ ճանապարհային մեծ օղակի նպատակն է բեռնաթափել Կենտրոն վարչական շրջանը։ Ճանապարհը հնարավորություն է տալու Երևանի արևմտյան հատվածով շրջանցել Փոքր Կենտրոնը և Իսակովի պողոտայից դուրս գալ Սարալանջի փողոց։ Բացի դա՝ ավելանալու են նոր կանաչ գոտիներ, հեծանվային արահետներ, բարելավվելու է բնակֆոնդը, ստեղծվելու են կառուցապատման և ներդրումների նոր հնարավորություններ։

Քանի դեռ գործի չի դրվում համակարգային բարեփոխման ռազմավարություն՝ Երևանը շարունակելու է լինել անհարմար քաղաք և՛ հետիոտների, և՛ վարորդների համար»,-գրել է նա։