Եթե ՃՏՊ-երի կանխարգելմանն ուղղված ռազմավարական մոտեցում լիներ, ապա այսօր այս պատկերը չէինք ունենա․ Մանե Թանդիլյան

calendar

19 Հուլիս, 2023

Տպել

Եթե ՃՏՊ-երի կանխարգելմանն ուղղված ռազմավարական մոտեցում լիներ, ապա այսօր այս պատկերը չէինք ունենա․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Երեկ կեսգիշերին Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից 3 զոհ, 1 տասնակից ավելի վիրավոր ունենք…

Ըստ վիճակագրության՝ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի ու վիրավորների թիվն ահագնացող չափերի է հասել։ Եվ եթե ՃՏՊ-երի կանխարգելմանն ուղղված ռազմավարական մոտեցում լիներ, ապա այսօր, գուցեև, այս պատկերը մենք չունենայինք։

Աշխարհի բազմաթիվ երկրներ արդեն գտել են լուծումն ու առաջնորդվում են, օրինակ, Vision Zero հատուկ հայեցակարգով, որը ենթադրում է ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ բարեփոխումներ։

Vision Zero-ն սահմանում է, որ Ճանապարհային համակարգը և դրա հետ կապված քաղաքականությունը պետք է նախագծված լինեն այնպես, որ անխուսափելի սխալները չհանգեցնեն լուրջ վնասվածքների կամ մահվան:

Սա նշանակում է` ճանապարհային միջավայրի բարելավում, քաղաքականության (օրինակ՝ արագության կառավարումը) և հարակից այլ համակարգերի վերանայում։ Ուստի Vision Zero-ն ոչ թե զուտ հայեցակարգ է, այլ սկզբունքորեն միանգամայն այլ մոտեցում ճանապարհային երթևեկությանը։

Իսկ այն, որ վերջինիս ուղղությամբ աշխատելու տեղ և անելիք դեռ շատ կա, անժխտելի փաստ է»,-գրել է նա։