
Երևանի ավագանու 2023թ․ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է․ որոշումը կայացվել է 2023թ․ հունիսի 8-ին՝ կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում, որին մասնակցել են կուսակցության տարածքային կառույցների ղեկավարները, համայնքների ավագանու կազմում կուսակցության խմբակցության ղեկավարները, Երևանի թիմի անդամները։ Որոշումը հիմնված է եղել Երևանում բնակչության հետ կուսակցության ներկայացուցիչների ակտիվ շփումների, նրանց հետ զրույցների, սոցհարցումների և ֆոկուս խմբերի հետազոտությունների արդյունքների, ինչպես նաև կուսակցության անդամների կարծիքների հիման վրա։
«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Տիգրան Սահակյանը, հայտարարելով քաղխորհրդի նիստի որոշման մասին, նշեց. «Առաջարկելով Մանե Թանդիլյանի թեկնածությունը՝ կուսակցությունն ընգծում է վճռականությունը հաղթելու առաջիկա ընտրություններում։ Համոզված ենք, որ այս ընտրությունները և այս ընտրություններում մեր հաղթանակը արմատական և խորքային փոփոխությունների առաջնորդության անշրջելի հայտ է»։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ ի սկզբանե կարևորել են ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը․ «Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր համայնքի ուժեղացումը կարևորագույն նախադրյալն է երկրի զարգացման համար, այս պահին մեր կուսակցությունը Հայաստանի 18 համայնքում ունի ներկայացվածություն, հաղթել ենք Նոյեմբերյան, Ալավերդի համայնքներում, համատեղ կառավարում ենք ստանձնել Տաթևում, և մեր հաջորդ կարևոր հանգրվանը Երևանն է»։
Նրա խոսքով՝ սոցհարցումներն արդեն ամիսներ շարունակ են արվում, գաղտնիք չէ, որ հասարակությունը հիասթափված է։
«Մենք բավական դժվար աշխատանք ունենք անելու։ Ժողովուրդը անտարբեր չէ երկրի առջև ծառացած խնդիրների նկատմամբ, հասարակությունն անհրաժեշտություն ունի առաջնորդելու իր տեսլականը, ինչին մենք պատրաստ ենք»,-նշեց Մեսրոպ Առաքելյանը։
Արդեն Երևանի քաղաքապետի թեկնածուի կարգավիճում Մանե Թանդիլյանը հայտարարեց․ «Մենք տրամադրված ենք Երևանում շռնդալից հաղթանակի։ Առանց ավելորդ համեստության՝ մենք մեր հնարավորությունները տարբեր ձևաչափերով դիտարկել ենք, տեսնում ենք, որ այս առաջադրումով և այն թիմով, որը առաջիկայում կներկայացնենք, «Ապրելու Երկիր» կուսակցությունը մեծ շանսեր ունի հաղթելու Երևանի ընտրություններում։
Շեշտեմ այն, որ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց ներգրավումը մեր ցուցակն արդեն հարստացրել է, և մենք բաց ենք հետագա համագործակցությունների համար բոլոր այն անհատների ու մասնագետների հետ, որոնք մեզ նման համարում են, որ մեր երկրին եւ Երևանին պետք են խորքային և բովանդակային փոփոխություններ։ Այդ մարդիկ կարող են կապ հաստատել և միանալ մեզ։
Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են և հաշտ են մեր «կարմիր» գծերի հետ, կարող են միանալ մեզ։ Դրանք վերաբերվում են Արցախին, ինչպես նաև նրան, որ նախկինի վերադարձ չի լինելու, իսկ ներկաներն իրենց սպառել են վաղուց և պետք է հեռանան։ Կարող են միանալ բոլոր նրանք, ում համար պետական և հանրային շահը գերակա է ցանկացած կուսակցական և անձնական շահից»։
Նա նաև ընդգծեց, որ որոշում ունեն, որը քննարկման ենթակա չէ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցության որևէ եզր չի լինելու և չկա։