
Հայաստանի կառավարությունը վերջերս հայտարարեց Ամուլսարի հանքի վերագործարկման մասին։ ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի եւ «Լիդիան Արմենիա» ընկերության միջեւ ստորագրվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր, ըստ որի` 250 մլն դոլար է ներդրվելու Ամուլսարի ոսկու հանքավայրի վերագործարկման համար։ Կողմերը հայտարարում են, որ նոր աշխատատեղեր են բացելու։
Ազդակիր Ջերմուկ համայնքի բնակիչ եւ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանն այնքան էլ լավատես չէ կառավարության կանխատեսումների վերաբերյալ։
Նա Aravot.am-ի հետ զրույցում նշում է՝ կառավարությունը նախ պետք բոլոր ռիսկերը խորությամբ ուսումնասիրի եւ գնահատի։
«Այո, կբացվեն ժամանակավոր աշխատատեղեր, Ջերմուկը կվերածվի հանքափորների բանվորական ավանի, ջերմուկցիների մեծ մասը կաշխատի որպես բարձր վարձատրվող բանվորներ, իսկ միջին օղակի աշխատողները նորից կլինեն դրսից։ Այսինքն՝ տեղի բնակիչների մի մասը հանքի շահագործումից հետո կկորցնի իր ժամանակավոր աշխատանքը, իսկ զբոսաշրջային ոլորտի աշխատատեղերն էլ հանքի շահագործումից կփակվեն։ Ստացվում է, որ 15 տարի հետո կունենանք առանց աշխատատեղերի Ջերմուկ, ինչը կդառնա արտագաղթելու պատճառ։ Հետեւաբար, բոլոր ռիսկերը պետք է հաշվի առնել»,-ասում է Ավետիսյանը։
«Լիդիան Արմենիան» վստահեցնում է՝ հանքի շահագործումն իրականացվելու է նորագույն տեխնոլոգիաներով եւ բնությանը հնարավորինս չվնասելով։
Այս առնչությամբ էլ Ավետիսյանը նկատում է՝ միգուցե հանքավայրը նորագույն տեխնոլոգիաներով շահագործեն, սակայն դա չի նշանակում, որ առանց ջերմուկցու կարծիքը հարցնելու պետք է դա անեն․ «Բացի այդ, պետք չէ լինել մասնագետ հասկանալու համար, որ անհնար է 100%-ով ռիսկերը կառավարել եւ այն էլ այն իրավիճակում, երբ թշնամու զորքերը մի քանի քայլ հեռավորության վրա են գտնվում։ Այստեղ լուրջ անվտանգային խնդիրներ կարող են ստեղծվել հենց Ադրբեջանի կողմից։ Ընդ որում, այն պնդումը, թե այլ ներդրողների առկայությունը պիտի Ադրբեջանի ձեռքերը կապի, համոզիչ չէ։ Սեպտեմբերին Սոթքի հանքավայրը բնավ չկանգնեցրեց այդ ուղղությամբ զավթողական մարտերը։ Հետեւաբար, կարող է հակառակ ազդեցությունն ունենալ հանքի շահագործումը՝ ավելի թիրախավորելով Ջերմուկը թշնամու կողմից։ Սարսափելի է նույնիսկ պատկերացնել, թե ինչ աղետալի հետեւանք կունենա ռազմական որեւէ գործողություն այն տարածքում, որտեղ քիմիական նյութեր են օգտագործվում։ Իսկ սա կառավարելը անհնարին է, եթե իհարկե, Ադրբեջանի շահերից չի բխում հանքի շահագործումը»։
Մեր դիտարկմանը՝ կառավարության անդամները նշում են, որ հանքի շահագործումը նպաստելու է Հայաստանի տնտեսության աճին, ինչը խիստ անհրաժեշտ է հետպատերազմյան Հայաստանի համար, Ավետիսյանը պատասխանեց․ «Այդ նույն կառավարության համար տնտեսության զարգացման ռազմավարության գլխավոր ուղղությունը բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումն էր, ոչ թե հանքարդյունաբերությունը։ Ստացվում է, որ փոխել են իրենց ուղղությունը, ինչպես նաեւ, նախկիններին այդքան քննադատելով, որդեգրել են հենց նրանց աշխատելաոճը՝ առանց մարդկանց կարծիքը հաշվի առնելու որոշումներ կայացնելը»։
Ավագանու անդամի խոսքով՝ ոչ մի տնտեսական աճի ցուցանիշ չի կարող վեր լինել մարդու հիմնարար իրավունքներից, պետության կառավարումը պիտի լինի մարդակենտրոն, ժողովրդավար ու հստակ ռազմավարությամբ․ «Իսկ ինչու՞ էր կանգնեցվել հանքի շահագործումը տարիներ առաջ։ Նախ առաջինը՝ մարդիկ էին դեմ եւ նույնիսկ ստորագրահավաք իրականացվեց։ Երկրորդը՝ նույն այս իշխանությունները տարբեր ամբիոններից բազմիցս հնչեցրել են հանքի շահագործման բացասական հետեւանքների մասին։ Բայց այսօր, անտեսվում է մարդկանց կարծիքը, որոշում է կայացվել առանց նույնիսկ ներկայացնելու, թե ինչպես ստացվեց, որ բոլոր ռիսկերը վերացան ու մի բան էլ դեռ հանքավայրի շահագործումը նպաստող դարձավ»։
Թե ինչ տեսակետներ ունեն Ջերմուկի բնակիչները հանքի շահագործման վերաբերյալ, որպես ավագանու անդամ բնակիչների հետ շփումներից ինչ տպավորություն է ստացել, Ավետիսյանն ասում է՝ բնակիչների կարծիքներն, իհարկե, տարբեր են․ «Բայց բոլորն էլ մեր քաղաքացիներն են ու պիտի հարգել նրանց դիրքորոշումը։ Ես չէի ցանկանա բնավ, որ այս լարված իրավիճակում ավելանան նաեւ իրար նկատմամբ անհանդուրժող կարծիքն ու տրամադրվածությունը։ Սա ավելի կխորացնի տեղի բնակիչների լարված հոգեբանական վիճակը, այնինչ այս պահին ավելի քան պիտի համախմբված լինենք։ Ես չեմ ուզում անգամ պատկերացնել դեմ ու կողմ կարծիք ունեցողների առճակատման հետեւանքը։ Դա կործանարար կլինի։ Հետեւաբար, շատ մտահոգված եմ նաև այս թեմայի շուրջ համայնքում եղած խմորումներից, իրար հանդեպ ատելության խոսքից»։
Նա նկատում է՝ մարդկանց տարբեր խմբեր կարող են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ մոտիվացիաներով կողմ լինել հանքերի շահագործմանը, բայց պետությունը, որոշում կայացնող մարդիկ պետք է լինեն ողջախոհ եւ առաջնային համարեն ընդհանուրի բարեկեցության, առողջության եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը։
Ավագանու անդամն ասում է՝ Ջերմուկը միշտ եղել է յուրահատուկ քաղաք, ունեցել միջազգային նշանակություն հենց առողջարանային ուղղվածությամբ․ «Ես իմ վերապահումներն ու դիտարկումներն ունեմ տեղական իշխանության որդեգրած ռազմավարության եւ զարգացման տեսլականի վերաբերյալ, բայց հիմա համարում եմ, որ ավելի լավ է այն իրականացվի, քան թե գնանք այն, ուղղությամբ, ինչ առաջարկում է կառավարությունը։ Ջերմուկը երբեք չեմ տեսնում որպես հանքարդյունաբերական քաղաք։ Իսկ զարգացման ծրագրերն էլ հաստատված են ու իրականացման փուլում։ Ցավոք, տարիներ շարունակ չի օգտագործվել քաղաքի ներուժը, այլ ամեն ինչ ծառայել է անհատների հարստացման համար։ Եվ այսօր էլ ջերմուկցին մենակ է մնացել․ մի կողմից արտաքին թշնամու սպառնալիքն է, մյուս կողմից էլ՝ ներքին անպատասխանատու ու անհեռատես կառավարումը»։